Լույս է տեսել ԱՐՄԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ առաջին գիրքը՝ պատմվածքների ժողովածուն՝ «Ֆրանսիական շոկոլադ» վերնագրով:
Մտածում ես, թե հրուշակեղենի (այն էլ՝ ֆրանսիական) նման թեթև, նրբահամ, սեթևեթ բովանդակության պիտի հանդիպես այս գրքի էջերում, բայց մեկ-երկու գործ կարդալուց հետո հասկանում ես, որ հեղինակը գրքի համար իր ընտրած վերնագրին անհարիր դառնություն է մատուցում քեզ՝ հաճախ շռայլելով դրա չափաբաժինը: Իրականության մեջ շոշափելի, գրողական երևակայության ու հոգեբանության հավելումով մատուցված թեմաներն ու պատկերները մեզ են ներկայանում առերևույթ խաղաղ, անցնցում շարադրանքի խաբուսիկ տեսքով, բայց այդ համապատկերի մեջ կաթվածահարող շեշտադրումների պակաս չի զգացվում գրեթե ոչ մի պատմվածքում:
Բառը, միտքը ինքնօրինակ գեղարվեստական լուծում են ստացել Արմինե Սարգսյանի պատմվածքներում («շտապում եմ դանդաղ», «աչքերս մատներ ունեն», «գարունն իր կյանքանորոգ գործն էր անում» և այլն):
Ասելիքն այլասացությամբ մատուցելը, գեղարվեստական պատկերն անսովոր ձևակերպումների մեջ ամփոփելն ասես օրինաչափության ծիրում են այս պատմվածքներում. «Դաշնամուրին սահող մատներդ նկարում են լռությունը», «Ապրում են ուժեղներն ու ավելի ուժեղները», «Մի կտոր օդ եմ խնդրում աշխարհից», «Դատարկված մոլորակը մարդկանց ծանրությունից թեթևացած օրորվում էր՝ ազատ ու եղերական», «Եթե գնալու միակ տեղը դժոխքն է, շտապելը միտք չունի», «Անքնությունից հոգնած քաղաքը առավոտյան կիսաձայն հորանջեց»:
Մեկ բառով, մեկ հակիրճ նախադասությամբ տպավորվող, գրեթե ավարտուն կերպարներ է ստեղծում հեղինակը, ինչպիսիք են, օրինակ, տարեց գրավաճառը՝ «իր պես տարեց բերետը գլխին», աղջիկը՝ վայրկենապես կակտուսի փշերով ծածկված մարմնով, մեկ այլ աղջիկ՝ «լացելու պատրաստ աչքերով», Հրակը, պինգվիններ Նիգը, Վիգը:
Ճանաչելով հեղինակի ոչ հավակնոտ անձը՝ չես ենթադրում, թե նա կարող է ստեղծել այսքան հավակնոտ գրականություն: Բայց և բնավ անսպասելի չեն կյանքն ու կյանքից անդին ենթադրվողը խորազնին աչքով տնտղելու, հոգեվերլուծելու նրա մղումները:
Երբ պատմվածքների ասելիքը կենցաղային, հասարակական-քաղաքական նեղ և գլոբալ թեմաների հենքով է կառուցվում, հեղինակը մի տեսակ կողքից դիտողի, իր տեսած-դիտարկածին մեծ կարևորություն չտվողի կեցվածք է ընդունում: Այսպես, արտագաղթի, քաղաքի դեմքն աղավաղող ճարտարապետության, օլիգարխ-վարչարար խավի, աշխարհաքաղաքական իրողությունների թեմաներն այս գրքում առանձնանում են իրենց չպարտադրվող ներկայությամբ: Ասես այս ասելիքի հիմքում ինֆանտիլիզմն է, որին Արմինեն արձագանքում է ինքնաքննադատաբար: Եվ այդ ինֆանտիլիզմի գերիշխող դաշտում, համատարած թմբիրի անսահմանության մեջ հեղինակը փորձ է անում ցնցել-դուրս բերել մարդկությանն իր անկենդանությունից:
Ամբողջ ժողովածուի համար կիրառելի է գրքում ներկայացվող ֆրանսիական շոկոլադի բաղադրատոմսը: Բազմաբնույթ բաղադրիչներից ստացվող աղանդերի նման է Արմինեի գրականությունը՝ չորոշակիացող խառնաձայն հնչերանգներով, հերոսների անհստակ հարաբերություններով, երկխոսություն-լռություն-մենախոսություն անսպասելի անցումներով, ռեալիզմի և աբսուրդի ջնջված սահմաններում տարուբերվող ասելիքով, երազի-մղձավանջի-իրականության անորսալի սահմանագծերով, արվեստի համոզիչ և շինծու որակների մատնանշմամբ:
«Փոքրիկ Հրակը» պատմվածքում Արմինեն դելֆին-մարդ ընդհանուր արմատից եկող ծագումնաբանության գեղարվեստականացումն է տալիս՝ հոգեկեցության հիմնավորման գրական փաստի միջոցով: Մարդը (երեխան) ավելի ներդաշնակ է բնության (ծովի, դելֆինների), քան մարդկանց (հատկապես՝ մեծերի) աշխարհի հետ:
«Կանաչ կակտուսի կարմիր ծաղիկը» գործում ոչ պատահաբար է հիշատակվում Կաֆկայի անունը: Սա ամբողջովին պատմվածք-ալեգորիա է՝ խորհրդանիշերի, այլասացությունների գերխտացումով: Կաֆկայական-հայկական մոտեցում: Աբսուրդի գրականության խիստ առանձնացող օրինակներ են թե՛ այս, թե՛ «Ամեն բան» վաճառողը», թե՛ «Ափսոս...» պատմվածքները:
«Ամեն բան վաճառողը» մեզ տանում է դեպի Բեքեթի «Գոդոյին սպասելիս» թատերգությունը: Մի տարբերությամբ. այս դեպքում «Գոդոն» գալիս է մորաքրոջ կամ հրաշք վաճառողի տեսքով: Բայց այդուհանդերձ, սպասումը չի կոնկրետանում, այն մնում է նույնքան «գոդոյական»: Այս պատմվածքում սպասումը չի տեղայնանում, չի պարփակվում կոնկրետ կերպարի տիրույթում: Դա ասես հեղինակի սպասումն է՝ չգիտես ում և ինչի:
Արմինե Սարգսյանն ասես ի միջի այլոց, հպանցիկ անդրադառնում է աստվածաշնչյան ճշմարտություններին անգամ, բայց այս դեպքում էլ այդ ճշմարտություն-բանաձևերն արտածում է իր հորինվածքի ներհարդարանքին բնահատուկ մոտեցմամբ:
Նա ծաղրում է գրականության, արվեստի առաքելության աղավաղված դրսևորումները, այն դեպքերը, երբ մարդուն լավատեսություն, կենսասիրություն ներշնչելու գործառույթը մերկապարանոց բնույթ է կրում, դառնում անհամոզիչ բառակույտ, դժգույն գունախաղ, աններդաշնակ հնչյունախումբ: Դա բնավ չի օգնում մարդուն հաշտվելու կյանքի դժվարությունների հետ: Այս դեպքում արվեստը դառնում է անողնաշար, հենքից զուրկ իրողություն, անարվեստ սուտ, ինչպես «Ափսոս…» պատմվածքի վերջում: Եվ իբրև այս երևույթի հակադրություն՝ Արմինեն մեզ է հրամցնում «Աչքերի այն կողմը» պատմվածքը՝ իր վերջաբանով, որի լավատեսությունը համոզիչ է, հուսադրող, հիմք ու արմատ ունեցող: Այսուհանդերձ, հիշատակված երկու պատմվածքներն ունեն ընդհանրություններ. երկուսում էլ հերոսները բախտախնդիր արարածներ են: Նրանք կյանքի սեղանին անում են մեծ խաղադրույքներ՝ անխոհեմ անփութությամբ՝ լավ հասկանալով, որ տանուլ տրվելիքը հենց ինքը կյանքն է: Այս գործերում մահը պատկերանում է իբրև ձեռքբերում: Բայց տեսնում ես արևապաշտության գերակա առկայությունը գրքում և հասկանում, որ հեղինակի մահագրությունը չարաճճի խաղ է, կոկետության յուրօրինակ դրսևորում, որը չի ստվերում հանուն կյանքի չդադարող պայքարի թեման պատմվածքներում, հատկապես՝ «Ամենավերջին մարդը» պատմվածքում, որի հերոսը պատրաստ է ապրելու անգամ աշխարհի վերջից հետո. «Աշխարհը մի քիչ կտխրի առանց ինձ, բայց ոչինչ, եթե մեզնից մեկը պիտի փրկվի՝ ապա դա ես եմ…»:
«Դիմանկար» պատմվածքում ժամանակն անորոշանում է սյուժետային պատումի ընթացքի մեջ: Որոշակի կերպարի նկարագրության մեջ անորոշ տարիք է, անորոշ տարիների հերթագայություն:
Ի տարբերություն այս օրինակի՝ «Անվարագույր պատուհաններում» որոշակի է ոչ միայն պատմվածքի մարդ-կերպարը, այլև խորհրդանիշ-կերպարներ Արևը, Հույսը: Բայց և սկսում ես մտածել, թե այս երեքից ո՞վ է ում ավելի հարկավոր, առանց նրանցից որի՞ է հնարավոր կամ անհնար ապրելը, գոյություն ունենալը:
Առհասարակ գրքի ամենաավարտուն կերպարն Արևն է: Նա Արմինե Սարգսյանի գործերում մարդեղացած է, անգամ ձուլված հրապարակախոսական արծարծումներին: Ահա Բաղրամյան պողոտայի Արևը. «Քաղաքի գլխավոր պողոտայի ուղիղ կենտրոնում ծանոթ ստվեր եմ նկատում: Արևն էր՝ ծալապատիկ նստած, երկար մազերն ուսերին թափված, գլուխը հենած ուսին»: Արևը նաև առտնին է ու մտերմիկ. «Արևը հետ տարավ ուսերիս թափված մազերը՝ գրեթե խոնավ, ու մատներով երկու համբույր նկարեց: Ես չեմ հավատում արևի գոյությանը: Օտար քաղաքում արևներ չկան»: Իսկ ես այս դեպքում չեմ հավատում Արմինեի չհավատալուն, որովհետև դրա համար նրա գիրքը չի տալիս բավարար հիմքեր, որովհետև այդ դեպքում «Ֆրանսիական շոկոլադ» ժողովածուն չէր ավարտվի հետևյալ նախադասությամբ. «Ես կնստեմ արևի կողքին, մինչև կբացվի լուսաբացը»: Բազմաթիվ թեմաների լուսավոր ու մռայլ տարուբերումներում Արմինե Սարգսյանն իր գիրքն ավարտում է լուսաբացի սպասման հավաստիացումով: Կարծում ենք, որ այդ անխուսափելի լուսաբացների ծիրում հեղինակին և նրա ընթերցողին սպասում են նոր գրքեր՝ դրանցում նոր արևներ հայտնաբերելու հեռանկարով:
Գրքի բովանդակությունը լրացնում են դրա հետ չափազանց ներդաշնակ գծանկարներն ու կազմի գունանկարը, որոնց հեղինակն է Վահագն Իգիթյանը: Այսինքն՝ «Ֆրանսիական շոկոլադը» ծնունդ է առել երկու մուսայի ներշնչանքով:
Եվ ևս մի շատ կարևոր հանգամանք, թերևս՝ ոչ միայն ինձ համար: Երբ Արմինե Սարգսյանը մտադիր էր իր գեղարվեստական գործերը ներկայացնելու օտարահունչ ծածկանունով, ես դժվարանում էի այդ անվան տակ ճանաչել-ընկալել ինձ ծանոթ հեղինակին: Արմինե Սարգսյան անունով հանդես գալը ոչ պակաս դերակատարություն կունենա «Ֆրանսիական շոկոլադը» ընթերցողի քիմքին հաճելի դարձնելու հարցում:
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ